Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության պայմաններ

  • Համարի տեղափոխումից հետո Հաճախորդը (այսուհետ՝ Դուք) կդառնա Յուքոմ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Յուքոմ) բաժանորդ և կօգտվի Յուքոմի այն ծառայությունից (սակագնային պլանից), որն ընտրել է Յուքոմի հետ կնքվող բաժանորդային պայմանագրի հիման վրա: Համարի տեղափոխումից հետո Դուք կօգտվեք Յուքոմի ծառայություններից և հնարավորություն չեք ունենա այդ համարով օգտվել Ձեր նախկին օպերատորի առաջարկներից:
  • Ձեր համարը կտեղափոխվի Յուքոմի ցանց առավելագույնը 3 աշխատանքային օրում կամ համարի տեղափոխման դիմումում նշված՝ Ձեր կողմից ընտրած ժամկետում: Համարի տեղափոխման նախատեսված օրվա և ժամի մասին Դուք կտեղեկացվեք կարճ հաղորդագրության (SMS) միջոցով: Տեղափոխման նպատակով համարը կապաակտիվացվի Ձեր ներկա օպերատորի ցանցից և կվերաակտիվացվի Յուքոմի ցանցում:
  • Տեղափոխման ընթացքում Ձեր համարը կարող է մինչև 2 ժամ անհասանելի լինել: Համարի տեղափոխման դիմումը ներկայացնելիս՝ Ձեզ կտրամադրվի Յուքոմ SIM քարտ` ժամանակավոր համարով, որը կարող եք օգտագործել, մինչև հեռախոսահամարի տեղափոխումը տեղի ունենա:
  • Եթե Ձեր ներկա օպերատորի հետ կնքված միևնույն բաժանորդային պայմանագրի ներքո Դուք օգտագործում եք մի քանի համար, ապա դրանցից մեկի կամ մի քանիսի տեղափոխման դեպքում պայմանագիրը կլուծվի միայն այն համարի (համարների) մասով, որի (որոնց) համար Դուք ներկայացրել եք տեղափոխման դիմում: Ձեր ներկա օպերատորի հետ կնքված պայմանագրի լուծումը Ձեզ չի ազատում այդ պայմանագրով Ձեր ստանձնած պարտավորությունների կատարումից, այդ թվում` պարտքի վճարումից (եթե առկա է), որոնց մասին տեղեկություն կարող է տրամադրել Ձեր ներկա օպերատորը:
  • Միևնույն համարը կարող է տեղափոխվել ոչ ավելի, քան 2 անգամ՝ համարի տեղափոխման դիմումին նախորդող 12 ամսվա ընթացքում:
  •  Համարի տեղափոխումը կարող է մերժվել, եթե. 
    • տեղափոխման դիմումում նշված համարը գոյություն չունի
    • համարը Ձեր անունով չէ գրանցված.
    •  համարի տեղափոխման համար արդեն ընթացքի մեջ է ավելի վաղ ներկայացված դիմում
    •  վերջին 12 ամսվա ընթացքում համարը 2 անգամ տեղափոխվել է:

Համարի տեղափոխման մերժման և դրա պատճառի մասին Դուք կտեղեկացվեք SMS-ով: Եթե համարի տեղափոխումը մերժվել է դիմումում լրացված տվյալների անհամապատասխանության պատճառով, ապա Ձեր կողմից լիազորված լինելու դեպքում Յուքոմը տվյալները ճշգրտվելուց հետո Ձեր անունից կմուտքագրի նոր դիմում: Այնուամենայնիվ, Դուք կարող եք ցանկացած ժամանակ կրկին ներկայացնել տեղափոխման դիմում անձամբ:

  •  Եթե Դուք Յուքոմի առկա բաժանորդ եք և ցանկանում եք համարը տեղափոխելուց հետո դրանով փոխարինել Ձեր ներկայիս համարը, ապա համարի տեղափոխումը չկատարվելու դեպքում Յուքոմի կողմից Ձեզ մատուցվող ծառայությունները կշարունակվեն մատուցվել Ձեր ներկայիս համարով:
  • Ձեր դիմումի համաձայն՝ համարի տեղափոխման ընթացքում Ձեր ներկա օպերատորը կարող է սահմանափակել կամ կասեցնել Ձեզ մատուցվող ծառայությունները, բացառությամբ մուտքային, տեղական ելքային և SMS ծառայությունների (օրինակ՝ միջազգային ելքային զանգերը, ռոմինգ ծառայությունը և այլն): Եթե Դուք ցանկանում եք համարի տեղափոխման ընթացքում շարունակել ստանալ վերոնշյալ ծառայությունները, ապա անհրաժեշտ է դրանց վերաակտիվացման համար դիմել Ձեր ներկա օպերատորին:
  •  Եթե համարը տեղափոխվելու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապա մինչև դիմումի ներկայացման օրվա ժամը 18:00-ը Դուք կարող եք այն հետ վերցնել՝ այցելելով Յուքոմի սպասարկման կետ: Իսկ այն դեպքում, երբ դիմումը լրացվել է Ձեր նշված վայրում՝ ակտիվ վաճառքի մասնագետի կողմից, ապա դիմումը կարող եք հետ վերցնել մինչև այն լրացնելու օրվան հաջորդող օրվա ժամը 18:00: Եթե Դուք ընտրել եք համարի տեղափոխման ավելի ուշ ժամկետ, ապա դիմումը կարող եք հետ վերցնել մինչև համարի տեղափոխման օրվան նախորդող վերջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ը:
  • Համարի տեղափոխման դեպքում համարի հաշվին առկա դրական մնացորդը չի փոխանցվում Ձեր նոր Յուքոմ հաշվին:
  • Համարի տեղափոխումից հետո Ձեզ զանգահարելիս Ձեր նախկին օպերատորի բաժանորդները կլսեն կարճ ձայնային ազդանշան, ինչը նրանց կհուշի, որ Ձեր համարը տեղափոխված է մեկ այլ ցանց: Ձայնային ազդանշանը հնարավոր է ապաակտիվացնել:
  • Եթե Ձեր հեռախոսը կոդավորված է (տեխնիկապես հնարավոր է օգտագործել միայն Ձեր ներկայիս օպերատորի ցանցում), ապա համարի տեղափոխումից հետո այն Յուքոմի ցանցում օգտագործելու համար անհրաժեշտ է ապակոդավորել:
  • Հետևյալ հղումով http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=91517 կարող եք ծանոթանալ ՀՀ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը: