Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը
EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:
Նախագիծը իրենից ներկայացնում է «Թվային դասարան» համալիր լուծում՝ հիմնված EdPad կրթական պլանշետի և Samsung Flip Pro ինտերակտիվ տախտակի վրա: Պիլոտային նախագծին, որը տևել է մեկ ուսումնական տարի, մասնակցել են №33 դպրոցի մանկավարժներն ու մի քանի դասարանների աշակերտները:
Նախագծի կազմակերպիչն ու «Թվային դասարան» համալիր լուծման հեղինակն է հայկական EdPad Arm ՏՏ ընկերությունը:
Ucom-ը հանդես է եկել որպես նախագծի պաշտոնական գործընկեր՝ փորձարկման ողջ ընթացքում տրամադրելով բարձր արագությամբ շարժական ինտերնետ, որը ուսուցիչներին և աշակերտներին մեծ թվով կրթական, տեղեկատվական և զարգացնող ռեսուրսների հասանելիություն է տվել:
EdPad կրթական պլանշետը նորարար լուծում է, որն ընդգրկում է ժամանակակից Samsung պլանշետը, վնասակար տեղեկատվությունից աշակերտին պաշտպանող հատուկ ծրագրային ապահովումը, պլանշետների մեջի բովանդակության հեռակա կառավարման համակարգը, դասարանի կառավարման համակարգը, ինչպես նաև կրթական, տեղեկատվական, զարգացնող և կիրառական բովանդակության լայն ընտրանի՝ էլեկտրոնային ուսումնական գրքեր, թվային գրադարաններ, կրթական հարթակներ և այլն:
«Իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում Ucom-ը մեծ կարևորություն է տալիս Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը, և իհարկե որակյալ տեխնոլոգիական կրթությունը չափազանց կարևոր է դրա համար։ Ուստի մենք ուրախ ենք և միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման առաջադեմ կրթական ծրագրերին, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության նշանակությունը կրթության համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և ընկերներին, որոնք օգնել և աջակցել են այս նախագծի իրականացմանը։ Մեր կողմից էլ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության դպրոցականներն ու ուսուցիչները կարողանան օգտվել ամենաթարմ և ժամանակակից թվային լուծումներից», - նշել է EdPad Arm-ի գործադիր տնօրեն Յուրի Սարապենյան:
«Թվային դասարան» համալիր լուծումը կարող է կայուն հիմք դառնալ Հայաստանի Հանրապետության դպրոցական կրթության համակարգի թվայնացման համար: