Վերադառնալ

Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է

Հոկտեմբեր 3, 2025

Հոկտեմբերի 14-ին Երևանը կվերածվի նորարարության կենտրոնի․ «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով կկայանա ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ucom-ն այս տարի ևս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր՝ աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։

Գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։  

Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր կմասնակցի նաև Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը։

«Մեր բոլոր նախաձեռնությունների նպատակն է ապահովել հաճախորդների համար առավել որակյալ և արդյունավետ փորձառություն։ Արհեստական բանականության կիրառումը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել այդ նշաձողը նոր մակարդակի։ Ucom-ում մենք վստահ ենք, որ Հայաստանի առաջընթացը անմիջականորեն պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմամբ, և հենց այդ պատճառով մենք առաջնահերթ ենք համարում աջակցել նախաձեռնություններին, որոնք խթանում են երկրի զարգացումը։ Այսպիսով, Ucom-ը ներդրում է կատարում ոչ միայն սեփական աճի, այլև ողջ ոլորտի ապագայի մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Սա հնարավորություն է ոչ միայն լսելու աշխարհի առաջատար մասնագետներին, այլև միասին գտնելու նորարարական լուծումներ, որոնք կարող են հարստացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։  Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։