Վերադառնալ

Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ

Սեպտեմբեր 18, 2026

Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մասնակիցների հետ կիսվել է առաջնորդության և ձեռներեցության ոլորտում իր փորձով ու դիտարկումներով, ծանոթացել թիմերի առաջընթացին, քննարկել նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները և տվել գործնական խորհուրդներ՝ ելնելով յուրաքանչյուր թիմի ընթացիկ կարիքներից։

Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող Ucom Fellowship ծրագիրն աջակցում է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին և ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են մշակում բնապահպանական խնդիրների լուծման համար։

«Լավ գաղափարը կարևոր սկիզբ է, բայց այն իրական փոփոխություն է դառնում միայն այն ժամանակ, երբ գաղափարի հետևում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել և պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ տեխնոլոգիան կարող է ծառայել ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլև բնապահպանական խնդիրների լուծմանը», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ութամսյա ծրագրի ընթացքում Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցներին ուղեկցում է ինկուբացիոն ամբողջ գործընթացում՝ օգնելով ստուգել գաղափարների կենսունակությունը, ամրապնդել բիզնես մոդելները և մշակել նախատիպեր կամ նվազագույն կենսունակ արտադրանքներ (MVP)։

Ծրագիրը ներառում է մասնակիցների կարիքներին համապատասխան դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն Իմփաքթ Հաբ Երևանի ձեռնարկատիրական համայնքին և աշխատանքային տարածքին։

Ucom-ի մասնագետները ևս ներգրավված են ծրագրում որպես մենթորներ՝ մասնակիցներին փոխանցելով գործնական փորձ, մասնագիտական դիտարկումներ և ոլորտային գիտելիքներ։

«Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը առավել կենսունակ լուծման վերածելու համար։ Իմփաքթ Հաբ Երևանում մեր դերն է ուղեկցել նրանց այդ ամբողջ ճանապարհին՝ սկզբնական ենթադրությունների ստուգումից և բիզնես մոդելի ամրապնդումից մինչև համապատասխան մենթորների ու փորձագետների հետ կապերի ստեղծում։ Ucom-ում նման հանդիպումները ևս մեկ կարևոր հնարավորություն են մասնակիցների համար՝ անմիջականորեն շփվելու փորձառու գործարար ղեկավարների հետ և ստանալու գործնական հետադարձ կապ», – ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։

Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։