Վերադառնալ

Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավ

Մայիս 26, 2025

Մայիսի 25-ին Երևանում՝ Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում, տեղի ունեցավ FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավն ունեցավ ավելի քան 40 մասնակից՝ 11-ից 60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական մեծ փորձ ունեցող օպերատորներ, որոնք արդեն հանդես են եկել տարբեր միջազգային մրցարշավերում։

Մրցարշավը ներառում էր երեք անվանակարգ՝ նախատեսված սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համար։

Ամենամյա մրցարշավի նպատակն է խթանել FPV Drone Racing սպորտաձևի զարգացումը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ, նպաստել տեխնոլոգիական կրթությանը, երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև ձևավորել համագործակցության հարթակ ոլորտի մասնագետների միջև։

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում ակտիվորեն աջակցում է տարբեր նախագծերի, որոնք ուղղված են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները նման նախաձեռնություններով են հանդես գալիս ու առավել ևս, միջազգային կապեր են ստեղծում Հայաստանի համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարի մասնակցությունը գրեթե եռապատկվեց, և մենք մեծ հնարավորություն ստացանք առաջին անգամ նախընտրական փուլ անցկացնել՝ ընդգրկելով նոր երկրներից բազմաթիվ առաջատար թիմերի և մասնակիցների։ Այս աճն ապացուցում է՝ FPV Drone Racing սպորտաձևը հայտվել է տարածաշրջանի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավի արդյունքներով սկսնակների, միջին մակարդակի և պրոֆեսիոնալ օպերատորների համապատասխանաբար հաղթողներ ճանաչվեցին՝ սկսնակներից  Լեվոն Կարապետյանը (1-ին տեղ), Սարգիս Մկրտչյանը (2-րդ տեղ), Վահագն Հովհաննիսյանը (3-րդ տեղ), միջին փորձառության օպերատորներից Գեվորգ Գաբրիելյանը (1-ին տեղ), Սեդրակ Խաչատրյանը (2-րդ տեղ) և Դավիթ Դավթյան (3-րդ տեղ), պրոֆեսիոնալներից Դանիիլ Տոլստոուխովը (1-ին տեղ), Դիմա Սվետլովը (2-րդ տեղ), Եվգենի Ստաշկեվիչը (3-րդ տեղ)։

Ucom-ի հատուկ մրցանակը՝ որպես մրցարշավի գլխավոր հովանավոր հանձնեց պարոն Յիրիկյանը  Ռոբերտ Մուղդուսյանին։

Հայաստանից լավագույն մասնակիցները առաջիկայում հնարավորություն կունենան ներկայացնելու մեր երկիրը Վրաստանում կայանալիք միջազգային մրցարշավում։