Ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում՝ Ucom-ի ցանցը հասանելի է բնակչության ավելի քան 94 տոկոսին
Ucom-ն ընդլայնել է իր 5G ցանցը ևս հինգ քաղաքներում՝ Արմավիրում, Եղեգնաձորում, Վարդենիսում, Գավառում և Թալինում, ընդգրկելով Հայաստանի քաղաքների 96 տոկոսը։ Արդյունքում, ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 47 քաղաքներում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 94 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ ու հուսալի շարժական ինտերնետից՝ միանալով մեծ թվային աշխարհին։
«Ucom-ում մենք երբեք կանգ չենք առնում և շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները։ Դրա շնորհիվ Արմավիրը, Եղեգնաձորը, Վարդենիսը, Գավառը և Թալինը նույնպես միացան Ucom-ի 5G ցանցին, որն այսօր ամենալայն ծածկույթն ունի Հայաստանում։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ մեր բաժանորդների համար ամենաժամանակակից լուծումներն ու ամենահարմարավետ փորձառությունն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ենթակառուցվածքների արդիականացումը շարունակում է մնալ Ucom-ի հիմնական առաջնահերթություններից։ Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլև միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։
5G-ն բերում է թվային կյանքի նոր մակարդակ, երբ բաժանորդները կարող են վայելել աշխատանքային և ուսումնական բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով և լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։ Այն օգնում է ստեղծել կրթության, առողջապահության և աշխատանքի ավելի հավասար հասանելիություն՝ անկախ տարածությունից։
Պետք է նշել, որ այսուհետև Ucom-ի ցանցում 5G կապը կաշխատի նաև Samsung սմարթֆոնների այն մոդելներում, որոնք ունեն 5G ցանցին միանալու հնարավորություն և առնվազն Android 16 օպերացիոն համակարգ։
Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։