Վերադառնալ

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Հոկտեմբեր 27, 2026

Ucom–ի և  FPWC-ի՝ Կանաչ գոտու տաղավարում տեղի ունեցավ Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով միաժամանակ գրքի ու բնության թեմաներով։

Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանիների հետ անսպասելի հանդիպումներով։ Ընկերության և փոխօգնության մասին այս պատմությունը պատանի ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանի վայրի բնությանը՝ սովորեցնելով ճանաչել, հասկանալ ու պահպանել այն։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է վաղ տարիքից՝ ճանաչելու, հետաքրքրվելու և հարցեր տալու միջոցով։ Գիրքն այդ ճանապարհին կարևոր ուղեկից կարող է լինել։ Որպես «կանաչ» ընկերություն՝ աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ցանկանում ենք երիտասարդների համար ստեղծել սովորելու և իրենց շրջապատող աշխարհը բացահայտելու նոր հնարավորություններ։ FPWC-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որի միջոցով ձգտում ենք նպաստել ավելի իրազեկ ու հոգատար սերնդի ձևավորմանը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Շնորհանդեսին գրքի հեղինակն ու նկարազարդողը՝ Շողեր Պետրոսյանը և Էմմա Իսախանյանը ներկայացրին ստեղծագործության մտահղացումն ու ստեղծման պատմությունը։ Պատանի մասնակիցները զրուցեցին գրքի ստեղծողների հետ, հարցեր ուղղեցին նրանց և կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանդիպումն ուղեկցվեց գրքից հատվածների ընթերցմամբ և քննարկմամբ։

«Արևորդի» փառատոնի և մեր կրթական ծրագրերի առանցքում միշտ եղել է երիտասարդ սերնդի մոտ բնապահպանական գիտակցության ու հոգատարության ձևավորումը։ «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը պարզապես արկածային պատմություն չէ, այլ յուրօրինակ կամուրջ երեխաների և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության միջև։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա գործընկեր Ucom-ի աջակցությամբ կարողանում ենք գրականության, արվեստի և ֆիլմերի միջոցով պատանիներին ներգրավել բնության պահպանության կարևորագույն գործում», - ընդգծեց «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Գիրքը կներկայացվի նաև COP17-ի Կապույտ գոտում գործող KM-GBF տաղավարում անցկացվող Կրթության օրվա շրջանակում, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության դերին և միջազգային համագործակցության խթանմանը։

Ucom-ը երկարամյա համագործակցություն ունի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ աջակցելով բնության պահպանությանը, բնապահպանական կրթությանն ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ «Արևորդի» փառատոնի և «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի հրատարակման աջակցությունն այս գործընկերության մի մասն է։