Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի նվերը Գողթանիկ բնակավայրին

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի նվերը Գողթանիկ բնակավայրին

28/12/2023

Վայոց Ձորի Գողթանիկ բնակավայրի բնակիչների համար ենթակառուցվածքները մեծ նշանակություն ունեն: 200 բնակիչ ունեցող գյուղում վերջերս բնակություն են հաստատել նաև Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները: Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության օժանդակությամբ Եղեգիս խոշորացված համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական շենքին տեղադրվել է 6.9 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Նպատակը կանաչ հայեցակարգի տարածումն է և համայնքային ենթակառուցվածքների զարգացումը:

«Սոցիալական պատասխանատվության մեր թիրախում գտնվում են բոլոր գյուղերը, որտեղ կարող ենք բարեգործություն կատարել: Գողթանիկում այլընտրանքային էներգիայի ստացման այս կայանի տեղադրումով մենք լուծում ենք երկու հարց՝ հնարավորություն ենք տալիս վարչական շրջանին ջեռուցել շենքը և կից մշակույթի տունը, որտեղ կազմակերպվում է գողթանիկցիների ժամանցը, և երկրորդ՝ գումար են խնայում կենսական նշանակության այլ հարցեր լուծելու համար»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի կառավարման հոգսերը մեղմելուն:

 

«Արևորդի հասարակական կազմակերպությունը 2006 թվականից ի վեր իրականացնում է բնապահպանական ծրագրեր: Ucom-ի հետ այս ծրագրի իրագործման արդյունքում համայնքը կկարողանա ավելի արագ զարգանալ: Տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի աշխատանքից խնայված միջոցները հնարավոր կլինի վերաուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը: Համատեղ այս աշխատանքները լինելու են շարունակական և ուղղված են լինելու համայնքային ենթակառուցվածների զարգացմանը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

 

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը երկու ընկերությունների ղեկավարներին շնորհակալություն է հայտնել բնակավայրին աջակցելու համար:

 

«Արևային ֆոտովոլտային այս կայանի խնայողությունների արդյունքում մենք հնարավորություն կունենանք այդ գումարը ծախսել այլ ոլորտների բարելավման համար` օրինակ արջերի հարձակումների արդյունքում պատճառված վնասների հատուցման ուղղությամբ: Արևային կայանի տեղադրումը արդյունավետ է և օգտակար»,-նշել է Արթուր Ստեփանյանը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: