Ucom և Apple պաշտոնական ներկայացուցիչ՝ ASBIS ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Ucom և Apple պաշտոնական ներկայացուցիչ՝ ASBIS ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

18/07/2023

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել միջոցառում, որի շրջանակներում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով  ևս մեկ անգամ ընդգծվել է Ucom-ի և Apple պաշտոնական ներկայացուցչության միջև փոխգործակցությունը, ազդարարվել է վաճառքների ընդլայնման ռազմավարական ծրագրի մեկնարկը և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը, ներկայացվել են հայաստանյան B2B՝ կորպորատիվ և B2C՝ անհատ բաժանորդների համար մշակված հատուկ առաջարկներ, ինչպես նաև հայտարարվել է «Յուքոմ» ընկերության կորպորատիվ վաճառքի լավագույն մենեջերի անունը։

«Յուքոմ» ընկերությունն Apple արտադրանքի պաշտոնական վերավաճառող է 2015 թվականից։ Հայաստանում սփռված Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից 15-ում առկա են Apple ոճով կահավորված առանձին անկյուններ, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աշտարակը, Գյումրին, Հրազդանը և Վանաձորը։ Առավել մարդաշատ սպասարկման կենտրոններում հնարավոր է ստանալ Apple-ի կողմից վերապատրաստված iPro մասնագետների խորհրդատվությունը։

«Մեկ ամսից ավելի է, որ ASBIS-ի հետ մեր գործակցության արդյունքում Ucom-ի կորպորատիվ հաճախորդները կարողանում են  օգտվել հին MacBook-երի փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայություններից։ Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը ներկայացնում է իր հին MacBook-ը Ucom-ի մասնագետին, ով գնահատում է օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ իր հերթին նվազեցվում է նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։ Այսպիսով, Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի՝ ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ASBIS-ի և Ucom-ի՝ որպես պաշտոնական վերավաճառողի միջև գործակցության զարգացման համատեքստում, և մենք ոչ միայն պայմանավորվել ենք, այլև արդեն սկսել ենք ամրապնդել մեր գործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ մանրածախ առևտրի զարգացման, B2B առաջարկների ձևավորման և Trade-In հնարավորությունների ստեղծման առումով», - նշել է «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը։

Միջոցառման ավարտին «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ներկայացուցիչը պատմել է Apple SEED` վաճառքի ակտիվացման, կրթության և զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում B2B և B2C սեգմենտների հետ աշխատող Ucom-ի անձնակազմը տեղեկանում է վաճառքի նորություններին, նոր արտադրանքի մասին, ստանում է խորհրդատվություն և լրացուցիչ տեղեկատվություն, կարողանում է սովորելու ընթացքում միավորներ վաստակել սմարթֆոնի միջոցով։ Apple SEED կրթական ծրագրի մասնակիցներից ամենամեծ առաջադիմությունը գրանցած Ucom-ի աշխատակից Վահե Տեր-Գևորգյանն արժանացել է հատուկ հավաստագրի։

 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: