Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները
18/11/2024
Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգևատրվել են հաղթողները։
Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, և այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։
Օլիմպիադան, որն անցկացվել է երկու փուլով, այս տարի ունեցել է 332 մասնակից 16 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսրայելից, Իտալիայից, Լիբանանից, Հայաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից, Չիլիից, Պերուից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ֆրանսիայից:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ դուրս եկած 34 մասնակիցները, որից 10-ը Հայաստանից, պայքարել են գլխավոր մրցանակների համար՝ լուծելով բարդ ճարտարագիտական առաջադրանքներ:
Առաջին մրցանակակիր է դարձել Վիսենտե Կորվալանը` Չիլիից, երկրորդ տեղը զբաղեցրել է Սեզար Ալբուրկերկը` Բրազիլիայից, երրորդ մրցանակին արժանացել են՝ Էմանուելե Սակին` Իտալիայից և Կարապետյան Հարությունը՝ Հայաստանից։
«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և, միևնույն ժամանակ համոզվել, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», - ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը։
«Կասկած չկա, որ միկրոէլեկտրոնիկան ու տեխնոլոգիական գիտությունները ծայրահեղ կարևոր են մեր բարեկեցիկ ապագայի համար։ Ես էլ, Ucom-ն էլ շատ ուրախ ենք մաս լինել այս միջոցառման, մեր աջակցությունը ցույց տալ ու խրախուսել երիտասարդներին ժամանակակից գիտելիքներ ստանալու, զարգացնելու և կիրառելու հարցում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս տարի Օլիմպիադան ընդգրկել է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:
Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին՝ նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք, հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և արդիականացնել կրթական ծրագրերն, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկվածությունը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։
Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org.m։