Ucom-ի գլխավոր տնօրեն. « «Արմաթ» լաբորատորիաներում կրթված երեխաներն են ապագայի այն ստեղծարար ու նորարար մարդիկ, ովքեր անհրաժեշտ են մեր երկրին»

Ucom-ի գլխավոր տնօրեն. « «Արմաթ» լաբորատորիաներում կրթված երեխաներն են ապագայի այն ստեղծարար ու նորարար մարդիկ, ովքեր անհրաժեշտ են մեր երկրին»

24/12/2016

Օրերս Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են ընթացիկ տարում: Երեխաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ: Նրանցից շատերը պատկերացնում անգամ չունեին ՏՏ ոլորտի հնարավորությունների մասին, իսկ այժմ ոչ միայն սեփական ապագան են հստակ ուրվագծել, այլև երկրին օգտակար լինելու խնդիրն են գիտակցում:

«Մեկ տարվա ընթացքում այնքան գիտելիք ու հմտություններ ենք ձեռք բերել, որոնք մի քիչ զարգացնելու դեպքում կարելի է վերածել բիզնեսի ու ապագայում դառնալ հաջողակ բիզնեսմեն», - վստահ է Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը:

«Ucom ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իր ստանձնած պարտավորությունների շրջանակում ուշիուշով հետևում է յուրաքանչյուր խմբակի առաջընթացին: Այս ներդրումն իրականացնելով՝ մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսին պետք է լինի ապագայի մարդը: Մենք հասկանում ենք, որ հենց «Արմաթ» լաբորատորիաներում կրթված երեխաներն են ապագայի այն ստեղծարար ու նորարար մարդիկ, ովքեր անհրաժեշտ են մեր երկրին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Մեր լաբորատորիայի առաջին շրջանավարտները, ովքեր սկզբնական շրջանում ուզում էին բժիշկ ու տնտեսագետ դառնալ, ներկա պահին ծրագրավորում են սովորում Հայաստանի Ճարտարագիտական համալսարանում: Մեզ համար հպարտանալու մեծ առիթ էր այն, որ համալսարան ընդունվելու պահին երրորդ կուրսի ուսանողների մակարդակին համապատասխան ծրագրավորման գիտելիքներ ունեին», - պատմում է նույն լաբորատորիայի ռոբոտատեխնիկայի խմբակի ղեկավար Եղիշե Ամիրյանը:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: