Անօդաչու թռչող սարքերը կմրցեն

Անօդաչու թռչող սարքերը կմրցեն

02/07/2016

Հուլիսի 2-ին Արզնի օդանավակայանի տարածքում տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների  միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ անցկացվող «Անօդաչու թռչող սարքեր» (ԱԹՍ) մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի գրանցումն սկսել էր դեռևս 2015թ. նոյեմբերին: Այս ընթացքում մասնակիցները մասնագետների խորհրդատվությամբ փուլ առ փուլ զարգացրել են իրենց նախագծերը, իսկ կազմակերպիչներն ապահովել են անհրաժեշտ դետալները:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը պահանջում է, որպեսզի մասնակիցներն իրենց ստեղծած սարքերն ուղարկեն դեպի նպատակակետ, ապա թռչող սարքը պետք է նետի բեռը ու վերադառնա: Թիրախը 5մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր և նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է բեռ գցի:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակչում կմրցեն 10 թիմ: Դրանք են՝

  1. Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dronе» թիմը
  2. «iUAV» թիմը
  3. «Eagle Eye» թիմը
  4. Էլլիպս Ջի Էյ ընկերության «Sky protectors»
  5. «Արծիվ» թիմը
  6. «Սավառնակ» թիմը
  7. «ՖայմԹեք» ընկերության թիմը
  8. «Թեքնոլոջի ընդ սայնըս դայնամիքս» ընկերության թիմը
  9. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Բզբզողներ» թիմը
  10. Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Roboechmiadzin» թիմը

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի ժյուրիի անդամները կընտրեն լավագույն եռյակին: Մասնագիտական ժյուրիի անդամներն են Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Մանուկ Շեմսյանը («Պեգասուս Լոջիք»), Փայլակ Ղուկասյանը («Վենժ»), Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ»), Արթին Մելիքյանը («Սոլարտ»), Արման Պողոսյանը («Ինստիգեյթ»),  Վահագն Պողոսյանը («Ինստիգեյթ»), Արթուր Պողոսյանը («Ինստիգեյթ») Հրաչ Խաչատրյանը («Սայմոտեկ»), Արման Խաչատրյանը (Ռազմական ավիացիայի ինստիտուտ), Դավիթ Դանելյանը (ԱԻՆ) և գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հաղթող եռյակին կազմակերպիչների կողմից կշնորհվի 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևավճար:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն իրականացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում:

Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008թ-ից: 2014-ից ծրագրի շրջանակում ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով: Միությունը հովանավոր ընկերությունների և կառավարության աջակցությամբ ԼՂՀ ու ՀՀ դպրոցներում հիմնել է արդեն շուրջ 130 խմբակ-լաբորատորիա:

Հիշեցնենք, որ ապրիլին «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում ԻՏՁՄ-ն և Ucom ընկերությունը իրականացրել են նաև «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: