Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ը կշարունակի աջակցել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիային

Ucom-ը կշարունակի աջակցել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիային

11/12/2017

Օրերս Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին: Հակառակորդի անմիջական նշանառության տակ գտնվող միջնակարգ դպրոցում լաբորատորիան բացվել է Ucom ընկերության աջակցությամբ մոտ երկու տարի առաջ: Եթե երկու տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներների ու ծրագրավորողների պարապմունքներն անցնում էին լարված հոգեբանական իրավիճակում, ապա հիմա դպրոցի շենքը պաշտպանված է երեք մետր բարձրություն ունեցող պատով: Պատի առկայությունը որոշակի չափով թույլ է տվել երեխաներին կենտրոնանալ ուսման վրա, սակայն ամենօրյա վտանգի պայմաններում նրանք դեռ հստակ չեն պատկերացնում, թե դպրոցական գիտելիքն ինչպես կկիրառեն ապագայում:

«Գյուղն ունի 400 բնակիչ, որից 79-ը հենց այս դպրոցի աշակերտներն են: Դպրոցի շուրջ կառուցված այս պաշտպանական պատն է նրանց ուսման գործընթացի երաշխավորը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցը պետք է լինի ավելի, քան ուղղակի դպրոց: Այն պետք է կապ ստեղծի այս երեխաների ու աշխարհի միջև, ընդլայնի նրանց աշխարհայացքը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխարհը բացահայտելու համար ոչ թե երեխաները լքեն իրենց բնակավայրը, այլ աշխարհն՝ իր ողջ գիտելիքով, բարդություններով ու հնարավորություններով գա գյուղ: Սա հնարավոր է անել թե՛ մեր աշխատակիցների աջակցությամբ, թե՛ ինտերնետի միջոցով», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներքին Կարմիրաղբյուրում արտաքին աշխարհի և այս գյուղի միջև ստեղծված «պատը» քանդելու համար Ucom-ը հետամուտ է ինժեներական մտածողություն ու ստեղծարար միտք ձևավորելու գործընթացին: Այն մի կողմից դյուրին է, քանի որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում բոլոր ծրագրերի լեզուն հայերենն է, իսկ երեխաները՝ շատ ընդունակ, և մյուս կողմից բարդ է, քանի որ ամենօրյա վտանգը և գյուղի առօրյան շեղում են սեփական ապագան դարբնելու հնարավորությունից: 

«Ես երազում եմ օգնել հայ զինվորին: Իսկ ռոբոտաշինությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է, օրինակ, անօդաչու թռչող սարք պատրաստել ու դրանով օգնել սահմանի զինվորներին», - իր երազանքներով կիսվեց Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ռազմիկ Ադամյանը:

«Ես բժշկուհի եմ դառնալու, բայց վստահ եմ, որ ռոբոտաշինության դասերից ստացված գիտելիքը կարող եմ ապագայում կիրառել այնպիսի սարքավորումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն փրկել մարդկանց կյանքը», - ասաց Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Նունե Ավագյանը:

Հիշեցնենք, որ Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:   

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: