Mediaroom Ucom LLC
My Ucom Ucom LLC
U!Pay Ucom LLC
Ucom-ի բաժանորդների շնորհիվ Կարախանյանների ընտանիքը տոնեց բնակարանամուտը

Ucom-ի բաժանորդների շնորհիվ Կարախանյանների ընտանիքը տոնեց բնակարանամուտը

25/12/2017

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ` Ucom-ի բաժանորդների կողմից հանգանակած գումարով հնարավոր դարձավ տուն գնել Սիսիանի տարածաշրջանի համայնքներից մեկում բնակվող Կարախանյանների ընտանիքի համար:

27 տարի անց Կարախանյանների ընտանիքը վերջապես ունեցավ իր տունը, որը գնվել է Վորլդ Վիժն Հայաստանի և Ucom ընկերության արդյունավետ համագործակցության շնորհիվ և կահավորվել է Վորլդ Վիժնի աջակցությամբ:

Արդեն 1 տարի է, ինչ ընտանիքն ընդգրկված է Վորլդ Վիժնի «Աղքատության նվազեցման և փուլային զարգացման» ծրագրում, որի շրջանակում տարվում է ինտենսիվ սոցիալական աշխատանք:

Ծայրահեղ աղքատ պայմաններում հայտնված Կարախանյանների ընտանիքը բնակվում էր գյուղի չորրորդ կարգի վթարային վիճակում գտնվող ակումբի շենքում: Ընտանիքի հայրը շուրջ 7 տարի է, ինչ մենակ է խնամում իր 6 երեխաներին: Ընտանիքում կնոջ ձեռքի բացակայությունը նպաստել է աղքատության խորացմանը: Առկա են մի շարք խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ, տարրական կենցաղավարման հմտությունների բացակայություն, կացարանի և երեխաների սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Աղջիկներից մեկը տանը չի գիշերում, մնում է հարևանի տանը, և մյուս երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են հարևանների ու այլ ծանոթների տանը:

«Նոր եմ եկել բանակից ու հենց մեր նոր տուն գնանք, մի «մեշոկ» ալյուր եմ առնելու ու լավաշ թխեմ, որ մեր նոր տան մեջ էրեխեքը էլ երբեք սոված չմնան», - վճռել է Արթուրը՝ ընտանիքի մեծ տղան:

«Այսօր Ucom-ի բաժանորդները չափազանց բարի գործ իրականացրեցին իրենց կողմից ուղարկված SMS-հանգանակությունների շնորհիվ: Հազարավոր սրտացավ բաժանորդների ջանքերով Կարախանյաններն իրենց Ամանորը կդիմավորեն տաք, ջերմ, լուսավոր ու բարի ընտանեկան միջավայրում, որի մասին մի ամբողջ կյանք է, ինչ երազում են», - ասել է Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում ամենակարևոր շեշտադրումն այն է, որ նյութական աջակցությանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ինքնուրույն կյանք վարելու հմտությունները, որպեսզի ընտանիքը  կարողանա արժանապատվորեն ապրել` առանց արտաքին միջամտության: Վորլդ Վիժնը կշարունակի աշխատել Կարախանյանների հետ, որպեսզի մի որոշ ժամանակ անց համատեղ ջանքերով հասնենք ցանկալի արդյունքին»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում: 


Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նախորդ երկու տարվա ընթացքում համագործակցությունը թույլ է տվել ընտանիքում պահել 66 երեխայի` նրանցից շատերին ընտանիք վերադարձնելով խնամքի հաստատություններից:  Այս երեխաների սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել  են միջոցներ և սարքավորումներ, որոնք թույլ են տվել վերջիններիս եկամտի կայուն աղբյուր ունենալ և երեխաներին ընտանիքում մեծացնել: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: