
Մեկնարկեց «Լույս հայի աչքերին» ծրագիրը
24/03/2016
Մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության կողմից համատեղ իրականացվող «Լույս հայի աչքերին» 2016 թվականի ծրագիրը: Ծրագիրը նախկինում իրականացվել է Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Այս տարի ակնաբուժական անվճար ծառայություններից կօգտվեն Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի բնակիչները: Նրանք նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ):
2016թ.-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 13 000 մեծահասակի և երեխայի ակնային զննում, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտել շուրջ 1800 հոգու, իրականացնել 770 լազերային միջամտություն և վիրահատություն, ինչպես նաև տրամադրել շուրջ 630 ակնոց: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն հանրակրթական դասընթացներ՝ ակնային խնամքի վերաբերյալ:
Այժմ Արարատի մարզում տեղի ակնաբույժներն արդեն իրականացնում են ակնային զննումներ: Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մասիս քաղաքից, որտեղ կկայանի ապրիլի 4-ից 16-ը, այնուհետև ապրիլի 18-ից 30-ը կուղևորվի Արտաշատ, իսկ մայիսի 2-ից 14-ը կլինի Արարատում: Հաջորդը Վայոց Ձորի մարզն է: